Դեղագործ աշուն “Ձմերուկ”

arbuz.jpg

Ձմերուկը դդմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա բույս է: Հայտնի են 1 վայրի՝ տարածված Աֆրիկայի, Իրանի, Միջին Ասիայի, Աֆղանստանի և Ավստրալիայի անապատներում, և 2 մշակովի (սեղանի ու կերային) տեսակներ: Ջերմասեր է, լավ աճում է խամ ու խոպան, ավազախառը հողերում: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է: ՀՀ-ում (հիմնականում՝ Արարատյան դաշտում) մշակվում է 1 տեսակ՝ սեղանի ձմերուկը:

Միամյա է: Արմատը լավ ճյուղավորված, ցողունը` մագլցող, երկարությունը՝ 3–4,5 (և ավելի) մ: Տերևները հերթադիր են, բլթակավոր, խորը կտրտված: Ծաղիկները մեկական են, հազվադեպ՝ փնջերով, բաժանասեռ, դեղնավուն: Պտուղը բազմասերմ, հյութալի կեղծ հատապտուղ է՝ հարթ մակերեսով, կլոր, ձվաձև, տանձաձև, գլանաձև և այլն, զանգվածը՝ 0,6–18  (առավելագույնը՝ 30) կգ: Կեղևը սպիտակից մինչև մուգ կանաչ է՝ խայտաբղետ պատկերներով ու տարբեր լայնության զոլերով: Պտղամիսը կարմիր է, վարդագույն կամ դեղին: Սերմերը տարբեր մեծության են, սպիտակ, կարմիր, սև, մոխրագույն և այլն: Հասուն պտուղը պարունակում է շաքարներ, վիտամիններ և այլ նյութեր: Դյուրամարս է. օգտագործվում է թարմ, թթու դրած (մանրերը), արհեստական մեղր` նարդեկ, եփելու համար: Պատրաստում են նաև մուրաբա, շաքարաչիր:

Վայրի ձմերուկը ՀՀ-ում հանդիպում է միայն Սյունիքի մարզում՝ Մեղրիի մոտակայքում, աճում է ժամանակավորապես խոնավացած ավազաճլաքարոտ հողերում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Պարունակում է նաեւ 7-40 մգ վիտամին C, 1-1,2 մգ վիտամին A, B խմբի վիտամիններ, 14 մգ կալցիում, 64 մգ կալիում, 224 մգ մագնեզիում, 7 մգ ֆոսֆոր, 1 մգ երկաթ:  Կիրառությունը:

Միջնադարում բժիշկները ձմերուկը կիրառել են տենդի դեպքում:

Վրացիները ձմերուկն օգտագործել են որպես միզամուղ միջոց, ինչպես նաեւ` դեղնախտի դեմ:  Ձմերուկի կանաչ կեղեւը հում կամ չորացրած տեսքով տալիս են կոլիտով տառապողներին:

Սերմերն ունեն արյունահոսությունը կանգնեցնող, հակաճիճվային, հակադեղնախտային հատկություն:

Ձմերուկ մշակում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Իրանում, Հնդկաստանում, Հարավարևելյան Եվրոպայի երկրներում, Ռուսաստանում, Կուբայում  և այլուր:

 

 

Թողնել մեկնաբանություն